Հենոն լավագույն մարզիկի համար ստացած մեքենան նվիրել է վիրավոր եւ հաշմանդամ զինվորներին. (Photo)

ՀՀ ֆուտբոլի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկների 10-նյակում ընդգրկվելու համար ստացած մեքենան նվիրաբերել է վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Այսօր՝ մարտի 19-ին, նա այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Հանդիպել է ուսանողների, բժշկական անձնակազմի, վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:
Մխիթարյանը Հայաստան է ժամանել՝ ազգային ընտրանու առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու: Մարտի 24-ին Հայաստանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Էստոնիային, իսկ 27-ին՝ Լիտվային:
