Պուտինի անակնկալը Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Lragir.am-ը գրում է․
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկություն է տարածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի առիթով:
Պուտինը, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի, Ռոբերտ Քոչարյանին մաղթել է ոգու ամրություն եւ տոկունություն:
Դա իհարկե երկրորդ նախագահին հիմա շատ պետք է, որը գտնվում է կալանքի տակ եւ մեղադրվում է Մարտի 1-ի գործով:
Գուցե նրան շատ պետք էր նաեւ ՌԴ նախագահի աջակցությունը, եւ ըստ երեւույթին շնորհավորանքի մասին տեղեկությունը հայտնվում է հենց այն ակնկալիքով, որ այն կունենա որոշակի ազդեցություն հանրային շրջանակների վրա, եւ գուցե ոչ միայն հանրային:
Բանն այն է, որ երկրորդ նախագահի գրասենյակը Պուտինի շնորհավորանքի մասին տեղեկությունը տարածել է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հայցը դատարաննում քննելու շեմին:
Այդ քննությունը պետք է լինի դեկտեմբերի 28-ին: Արդյոք այն, որ ՌԴ նախագահը շնորհավորել է երկրորդ նախագահին, որեւէ ազդեցություն կարող է թողնել դատարանի դիրքորոշման վրա:
Առավել եւս, որ կա մեկ այլ հետաքրքիր ֆոն: Շնորհավորանքի մասին հայտարարվում է դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո: Հետաքրքիր է նաեւ հարցը, արդյո՞ք Պուտինն ավելի շուտ էր շնորհավորել, թե՞ նա էլ հանդիպումից հետո է որոշել շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին:
Հանգամանքը հետաքրքիր է, նկատի ունենալով նաեւ Պուտինի մաղթանքը՝ ոգու ամրություն եւ տոկունություն:
ՌԴ նախագահը կարծես ակնարկում է, որ իր վրա հույս դնել պետք չէ եւ շնորհավորանքն ու մաղթանքն այն է, ինչ կարող է անել ինքը:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունը բնութագրման կարիք չունի, այն դաշնակցային է եւ Մոսկվան պատրաստ է իր կողմից անել ամեն ինչ, այդ հարաբերությունը զարգացնելու համար, այդ թվում անվտանգության ապահովման ոլորտում:
Խոսե՞լ են Փաշինյանն ու Պուտինը Քոչարյանի կալանքի մասին: Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքը կարծես թե թողնում է Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինի դեմարշի տպավորություն:
Մյուս կողմից էլ դա կարող է նշանակել, որ հանդիպմանը ՌԴ նախագահը չի կարողացել իր ընկեր Ռոբերտ Քոչարյանի համար ստանալ որեւէ արժեքավոր բան եւ մնում է բարոյական աջակցությունը՝ շնորհավորանքն ու մաղթանքը՝ ոգու արիություն ու տոկունություն: