ԱՄՆ հիասթափեցրեց. Թրամփի աննախադեպ ավանսը Հայաստանին

Lragir.am-ը գրում է,
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկություն է տարածել Սիրիա մարդասիրական առաքելության առնչությամբ, որ սկսել է Հայաստանը:
Նահանգների դեսպանատունը նշել է, որ ԱՄՆ համար հասկանալի է Սիրիայի մարդասիրական վիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, իրենք կիսում են կրոնական փոքրամասնությունների պաշտպանության մտահոգությունը, բայց չեն պաշտպանում Սիրիայի զինուժի հետ որեւէ գործակցություն՝ քաղաքացիական, թե ռազմականԼ
Միաժամանակ Նահանգները նշում է, որ չեն պաշտպանում այդ հարցում ՌԴ հետ Հայաստանի գործակցությունը, քանի որ «Մոսկվան Սիրիայի հարցում պաշտպանել է Ասադին եւ նրա վայրագությունները»:
ԱՄՆ դեսպանատունն այս դիրքորոշումը արտահայտել է ի պատասխան դրա վերաբերյալ Հայաստանի լրատվամիջոցների հարցի:
Ըստ այդմ, թերեւս հետաքրքիր կարող է լինել հարցը՝ արդյոք Նահանգները դիրքորոշում կհայտնեին, եթե չլիներ լրատվամիջոցների հարցադրումը:
Դա բավական նուրբ հանգամանք է, որովհետեւ մարդասիրական առաքելության մեկնարկի մասին հայտարարվել է փետրվարի 8-ին: ԱՄՆ համար դա չէր կարող լինել անակնկալ: ԱՄՆ արձագանքը հնչում է փետրվարի 13-ին, հինգ օր անց:
Եթե Վաշինգտոնի համար մեծ նշանակություն ունենար դիրքորոշում արտահայտելը, ապա հազիվ թե Նահանգները դրա համար սպասեին Հայաստանից լրատվամիջոցների հարցման:
Այլ հարց է, որ Հայաստանում շատերն էին սպասում ԱՄՆ արձագանքին, ներքին սպառման գործածության համար:
Ընդ որում, մի շարք շրջանակներ դա արդեն իսկ անում են՝ ԱՄՆ արձագանքի «հիմքով», թեեւ հիմնարար առումով այդ արձագանքը իհարկե այդ շարժառիթի տեսանկյունից իրականում ունի հիասթափեցնող բնույթ:
Բանն այն է, որ հարցմանը տրված պատասխանը գործնականում այլ բան չէ, քան Սիրիայի հարցում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման արձանագրում, որը Վաշինգտոնը մշտապես հայտնել է այդօրինակ առիթներով:
Տարօրինակ կլիներ սպասել, որ Նահանգները կհայտարարի Հայաստանի քայլը պաշտպանելու մասին:
Անգամ չեզոքության մասին հայտարարություն սպասելը տարօրինակ կլիներ, հաշվի առնելով այն, որ Սիրիայի հարցում դիրքորոշումը Նահանգների համար արտաքին քաղաքական առանցքային հարցերից է, և այստեղ չեն լինում պաշտոնական դիրքորոշումների վերապահումներ եւ նահանջներ: