Նիկոլ Փաշինյանի կոչը. ի՞նչ է պետք հեղափոխությանը

1in.am-ը գրում է․
Հեղափոխության արժեքներին և տրամաբանությանը հավատարիմ մնալու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ հնչեց կառավարության փետրվարի 21-ի նիստում, անշուշտ, կարևոր հայտարարություն է և ողջունելի:
Միաժամանակ, սակայն, հայտարարությունը առաջացնում է նաև հարց՝ իսկ կառավարությունը հավատարիմ չէ՞, հեղափոխության տրամաբանության մեջ չէ՞, որ առաջացել է այդ մասին կառավարության նիստում հայտարարելու անհրաժեշտություն:
Ո՞վ էր վարչապետի հայտարարության հասցեատերը՝ կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարնե՞րը, թե՞ հանրությունը:
Այստեղ իրավիճակը նուրբ է, որովհետև, եթե հասցեատերը հանրությունն է, ապա հանրությանը այդպիսի հայտարարություններ պետք չենք, կամ ավելի ու ավելի քիչ են պետք գալու, և մարդիկ հեղափոխության արժեքներին հավատարմությունն ավելի ու ավելի շատ ուզում են տեսնել կառավարության և գերատեսչությունների աշխատանքի տեսքով, ոչ թե վարչապետի հայտարարությունների:
Վարչապետի հայտարարությունների առնչությամբ հանրությունն այս փուլում ուզում է տեսնել իհարկե, մի կողմից, ոգևորիչ մեսիջներ՝ ինչը Նիկոլ Փաշինյանի քաղաքական և հռետորական խարիզմայի առանցքային հատկանիշներից է, և նաև ռազմավարական ուղենիշներ, ինչը քաղաքական և պետական գործչի համար անհրաժեշտություն է՝ հատկապես պոստհեղափոխական իրավիճակներում:
Եթե հասցեատերը կառավարությունն է, պետական կառավարման համակարգը, ապա հազիվ թե հրապարակային մեսիջները և հռչակագրերը ունենան անհրաժեշտ էֆեկտը, և հեղափոխական արժեքների ու տրամաբանության վերաբերյալ, իհարկե, անհրաժեշտ հանձնարարականները կառավարման համակարգին պետք է հոսեն այսպես ասած՝ նույն կառավարման համակարգի օղակներով, կամ «պտտվեն» արյունատար համակարգի սկզբունքով:
Եթե դա չկա, հրապարակային հայտարարություններն էլ տեղ չեն հասնի հաստատ: Իսկ եթե դա կա, ապա չկա հրապարակային հայտարարությունների կարիք:
Սակայն, մյուս կողմից, այդ խնդիրները Նիկոլ Փաշինյանն անկասկած պատկերացնում է ամենից լավ, և կառավարության նիստում հայտարարությունները, թերևս, հենց դրա վկայություն են:
Դրանք հուշում են, որ վարչապետը զգում է հանրությանը ուղերձ հղելու կարիք՝ հեղափոխության արժեքները մոռացած չլինելու, դրանց առաջ հրապարակային պատասխանատվություն կրելու, գլխավոր պատասխանատուի կարգավիճակը մոռացած չլինելու մասին ուղերձի կարիք:
Նիկոլ Փաշինյանը հանրությանն այդպիսով ակնարկում է, որ ինքն էլ հասկանում է հանրային տարբեր շրջանակներում կառավարման համակարգի գործունեության արդյունավետության և հեղափոխական տրամաբանությանը համարժեք լինելու առնչությամբ հարցադրումների օբյեկտիվ հիմքերի առկայությունը:
Ասել կուզի, Փաշինյանը արձանագրում է, որ չի կտրվել իրականությունից և գիտակցում է, որ խնդիրը կա և այդ իսկ պատճառով բարձրաձայնում է կառավարության նիստում:
Եվ թերևս կբարձրաձայնի պարբերաբար, որովհետև խնդիրը կա, իսկ լուծման մեխանիզմները դեռևս չեն նշմարվում:
Սակայն, իր հերթին, վարչապետի բարձրաձայնումներն ավելի ու ավելի «ցածր» են լսվելու հանրության ականջին, որովհետև հանրությունը սկսում է դադարել սիրել ականջով, այլ անցնում է այն ռեժիմին, երբ սերն անցնում է «ստամոքսով»:
Սա ամենևին չի նշանակում, որ մարդիկ ստամոքսի համար են գնացել հեղափոխության, Ռոբերտ Քոչարյանի խոսքի հաստատումը չէ «սառնարանների դուռը գարնանը բացելու և դատարկություն տեսնելու» հետևանքի մասին:
Ստամոքսը տվյալ դեպքում կառավարության աշխատանքի նյութականացման, շոշափելիության ու չափելիության «հոմանիշն» է: Մեծ հաշվով անհրաժեշտ է անել կարևորագույն մի արձանագրում:
Մարդիկ կառավարությունից չեն ակնկալում լավ, կուշտ ու կուռ ապրել այսօր, այստեղ և հիմա: Մարդիկ ակնկալում են այսօրվանից տեսնել վաղը լավ ապրելու լրացուցիչ հնարավորությունների ձևավորման շոշափելի գործընթաց:
Եվ այս հանգամանքը մի պարզ օրինակով՝ Հարկային օրենսգրքի, որի փոփոխության նախագիծը փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների մի ստվար շրջանակի մոտ ոչ միայն հեղափոխական տպավորություն չի թողել, այլ թողել է հակահեղափոխական տպավորություն:
Սա անշուշտ պատկերացնում է նաև վարչապետը, լայն իմաստով, ու դրա համար է հայտարարում հեղափոխությանը հավատարիմ մնալու, հեղափոխության տրամաբանության մեջ մնալու անհրաժեշտության մասին:
Բայց նաև հասկանալի է, որ վարչապետը չի կարող աշխատել պետական կառավարման համակարգի փոխարեն, նա գերմարդ չէ, և պետք էլ չէ, որ լինի՝ այդ համակարգը պետք է հանրությանը որպես համակարգ, ոչ թե մեկ գերմարդու ձեռքին եղած գործիքակազմ:
Եվ այստեղ թերևս հասնում ենք հիմնարար մի կետի. պետական համակարգը չպետք է դառնա գործիք գերվարչապետի համար, այլ վարչապետը պետք է դառնա հանրության գործիքը պետական համակարգից հենց համակարգային էֆեկտ ստանալու համար:
Բայց սա էլ իր հերթին պահանջում է հանրային ինքնակազմակերպման մակարդակի բարձրացում, որպեսզի պետական համակարգը իր այս պահին խառնածին տրամաբանությամբ զգա, որ հանրությունն ավելի կազմակերպված է, քան ինքը, և վարչապետը մենակ չէ այդ համակարգի հետ հարաբերությունում: